2021թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավտոմեքենաներից կատարված հափշտակության 12 դեպք է արձանագրվել

2021թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզում ավտոմեքենաներից կատարված հափշտակության 12 դեպք է արձանագրվել

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։

Արձանագրված դեպքերից 9-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով։ 3 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց վարույթն այնուհետև կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով:

Գողությունների գերակշիռ մասը կատարվել է գիշերային ժամերին, որպես հանցագործության թիրախ, հիմնականում ընտրվել են հակաառևանգման ազդանշանային համակարգ չունեցող, կայանված վայրերում տեսաձայնագրող սարքեր չունեցող, հսկողությունից դուրս մնացած ավտոմեքենաները։ Ավտոմեքենայի դռները բացել են դռան ապակին կոտրելու կամ տեխնիկական միջոցի գործադրմամբ։ Հաճախակի են գողության դեպքերը Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական և Վարդ-Բաղ թաղամասերից։

Հանցագործության ծնող հիմնական պատճառներ և նպաստող պայմաններ են շարունակում մնալ տարածաշրջանի ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակը, սոցիալական ոչ բարվոք պայմանները, նախկինում դատապարտված կամ քրեածին հակում ունեցող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը, ավտոմեքենաների անբավարար պաշտպանությունը, անվտանգության ազդանշանային համակարգով չկահավորելը, երկար ժամանակով առանց հսկողության թողնելը և այլն։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն դեպքերում, երբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերվել հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, հաշվառման վերցնելու, նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու, այլ հանցագործությունների կատարմանը նրանց մասնակից լինելու հնարավորության հարցը պարզելու ուղղությամբ։ Ընդ որում, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին-առանձին չեն ուսումնասիրվել սպասարկվող օպերատիվ իրավիճակը, ըստ տեղամասերի կատարված հանցագործությունների բնույթը, դրանց կատարմանը նպաստող տեղային պատճառներն ու պայմանները, տուժողների ու հափշտակված իրերի մասին տեղեկությունները:

Հաշվի առնելով ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հղված միջնորդագրով ուշադրություն է հրավիրել այս բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայտման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ազգաբնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների ոլորտներում առկա բացերի և դրանք վերացնելու անհրաժեշտության վրա:

Մասնավորապես, շեշտվել է որպես կանխարգելիչ միջոց, գիշերային ժամերին հանցանքի կատարման համար առավել ռիսկային գոտիներում ինտենսիվ շրջիկ հերթապահություններ և ծառայություններ իրականացնելու, բնակելի թաղամասերում (որոնց բակում կայանված են ավտոմեքենաներ) ոստիկանական ավտոմեքենաներով շրջիկ վերակարգերի նշանակման, նախկինում դատապարտված կամ քրեածին, հատկապես գողությունների հակում ունեցող, գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև իրենց սեփականության պաշտպանությունն ապահովելու նպատակով ավտոմեքենաների սեփականատերերի հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու կարիքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում