Արցախի նախագահն արտաքին քաղաքականության բնագավառը համակարգող հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին հրամանագիր է ստորագրել:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։ Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը: Արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ: Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։
Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ հարաբերություններն իրականացվում են ԱԳՆ հետ համաձայնեցված։ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները միջազգային համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն:
Կարծիքներ