Տարածաշրջանի երկրները պետք է մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած բանակցության. Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայի կառավարությունը կարծում է, որ տարածաշրջանի երկրները պետք է մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած բանակցության, փոխանցում է MEE-ն:
Թագավոր Սալմանի գլխավորությամբ կառավարության նիստից հետո ընդունված հայտարարության մեջ Էր Ռիադը նաեւ դատապարտել է եմենցի ապստամբ հուսիներին եւ ողջունել Վաշինգտոնի հանձնառությունը թագավորության անվտանգության ապահովմանը: Սաուդյան կառավարությունը, սակայն, չի մեկնաբանել ԱՄՆ որոշումը Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային աջակցությունը դադարեցնելու մասին:
«Կառավարությունը միջազգային հանրությանը կրկին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել իրանական ռեժիմի ագրեսիվ գործողությունների համար, ներառյալ արաբական պետությունների անվտանգության եւ կայունության սպառնալիքը, իրենց գործերին միջամտությունը եւ զինված խմբերին աջակցությունը,- նշված է հայտարարության մեջ: - Եվ սա ընդգծում է այն բանի կարեւորությունը, որ երկրները, որոնց վրա ավելի շատ է տարածվում իրանական սպառնալիքը, մասնակցեն Իրանի միջուկային ծրագրի եւ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վարքագծի շուրջ ցանկացած միջազգային բանակցության»:
Հայատարարությունը կատարվել է այն բանից մի քանի շաբաթ անց, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խոստացել էր վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքը, որը չեղարկել էր նրա նախորդ Դոնալդ Թրամփը:
Կարծիքներ