«Չեմ կարող լռել ու չխոսել այս մասին». Էդմոն Մարուքյան

«Չեմ կարող լռել ու չխոսել այս մասին». Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին:

Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», «Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն: Երբ սկսեցի հերթով այս թեզերը հերքել կոնկրետ արված գործերի օրինակներով, մարդիկ զարմանում էին: Ասում եմ՝ միայն այս տարի շուրջ 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...

Հետո սկսեցի հարցուփորձ անել, թե որտեղից են այդ լուրերը տարածվում և արմատավորվում: Բոլորը միաձայն պնդում էին, որ հեռուսատեսությամբ են ասել։ Հարց՝ ո՞ր ալիքը, ո՞ր ԶԼՄ-ն. խոսակցության ընթացքում շատերը պնդեցին, որ 5-րդ ալիք են դիտում, նաև կայքերի լուրեր կարդում:

Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու:

Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտիչ թեզեր տարածելն ո՞ւմ է ձեռնտու: Մտածում էի ասեմ դադարեցրեք, մի՛ արեք նման բաներ և այլն: Հետո հասկացա, որ իզուր է, ոչինչ էլ չի դադարեցվելու, քանի դեռ մենք չենք գիտակցել, թե մեզ հետ ինչպես են վարվում մեր թշնամիներն ու ինչ մեթոդներ կիրառում մեր ժողովրդի դեմ:

Այսինքն՝ պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում