Պտտահողմը Կոտայքի Ակունք գյուղում արմատախիլ է արել ծառեր, պոկել տանիքներ, տապալել էլեկտրասյուներ, ավերել ջերմոցներ
Կոտայքի մարզի Ակունք գյուղում այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում, պտտահողմն ավերածություններ է արել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ամբողջովին փլուզվել են քարե պարիսպներ, որոնց երկարությունը տարբեր հատվածներում ամենակարճը՝ 50 մետր է, ամենաերկարը՝ 100-150 մետր:
Արմատախիլ են եղել մեծ թվով ծառեր, կոտրվել են բերքատու՝ ծիրանի, խնձորի տանձի գիլասի ծառեր: Անմասն չեն մնացել նաեւ սեփական տներ, որոնց տանիքների թիթեղները փոթորիկը պոկել ու շպրտել է որոշ հատվածներոմ՝ 10, որոշ հատվաներում՝ 30 եւ ավել մետր: Ամբողջովին տապալվել են մեկ տասնյակից ավել էլեկտրասյուներ, ինչի պատճառով էլ գյուղի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է:
Գյուղ է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կատայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վնասվել են նաեւ գյուղի որոշ հատվածներում գազախողովակները, ինչի հետեւանքով էլ գազամատակարարումը նույնպես դադարեցվել է:
Տուժել են նաեւ ջերմոցատերեր, իսկ ջերմոցում աճեցված ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:
Կարծիքներ