Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի այցին ՀՀ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի այցին ՀՀ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ապրիլի 28-ին Ֆրանսիայի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսում ֆրանսիացի նախարարի արտահայտած պնդումները։

Այս մասին AZERTAC-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Նրանց համար, որոնք անհիմն պնդումներ են անում՝ Ադրբեջանին մեղադրելով Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության մեջ, հիշեցնեմ, որ 30 տարի օկուպացիոն ու էթնիկ զտումների քաղաքականություն վարող կողմը Հայաստանն է։ Ցավոք, ֆրանսիական կողմը, իրեն դիրքավորելով որպես հակամարտությունը լուծելու «ձգտող», 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին իր անօրինական օկուպացիոն քաղաքականության համար, ասվում է մեկնաբանության մեջ։

Հիշենք, որ հայկական կողմը դեռ ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել ադրբեջանական ութ գյուղերի օկուպացիան և շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ըստ ԱԳՆ-ի, միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից սեփական ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի ստեղծմանը միջամտելը, որը երկրի ներքին գործն է, հակասում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Միանգամայն սխալ է նաև սահմանի մուտքի և ելքի ռեժիմը կանոնակարգող նման կետի ստեղծումը որպես ճանապարհ փակում գնահատելը։

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլիներ, եթե ֆրանսիական կողմը խրախուսեր Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնա Ադրբեջանի դեմ սադրանքներից»,- նշել է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում