Արմավիրում ոստիկանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` աստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում աստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ` դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից սպանել է մեկ ոստիկանի, մյուսին՝ վիրավորել։ Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանին։
Կարծիքներ