Թուրքական լիրան ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվում է
Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին:
Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.9 -ի շրջանակներում:
Ermenihaber-ը հայտնում է, որ թուրքական ազգային արժույթը վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 9.78%-ով:
Լիրան արժեզրկվում է նաև Եվրոյի նկատմամբ, որև ևս վերջին 1 ամսվա կտրվածքով արժևորվել է 9.55%-ով` հասնելով 17.3 լիրայի:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարեց տնտեսական քայլերի փաթեթի մասին, որ ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.5 լիրայի շրջակայքում:
Կարծիքներ