Բելառուսում նախագահի ևս մի թեկնածու է հայտնել իր երեխաների հասցեին հնչած սպառնալիքների մասին

Բելառուսում նախագահի ևս մի թեկնածու է հայտնել իր երեխաների հասցեին հնչած սպառնալիքների մասին

Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայայի երեխաների հասցեին սպառնալիքներ են հնչում․ այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանդիպել եմ իմ շտաբի ղեկավարության և վստահված անձանց հետ։ Երկու կարևոր հարց ենք քննարկել․ առաջինը՝ ինչպես նախընտրական քարոզարշավ իրականացնել ստեղծված պայմաններում։ Բոլորը համաձայնել են, որ հաշվի առնելով իմ, իմ երեխաների և վստահված անձանց հասցեին հնչած սպառնալիքները՝ պիկետների անցկացումից հրաժարվելը ճիշտ էր»,- գրել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ «այլակարծության և բողոքական տրամադրությունների դեմ պայքարի վրա կենտրոնացած գործող իշխանությունն ի վիճակի չէ իրենից բացի որևէ այլ մեկի պաշտպանել, ուստի՝ փողոցային քարոզարշավն ապահով բան չէ»։

«Միևնույն ժամանակ այն վայրերը, որոնք իշխանությունները տրամադրել են պիկետների անցկացման համար, ավելի շատ շներին զբոսանքի տանելու համար են հարմար»,- նշել է նա և հավելել, որ հենց այդ է պատճառը, որ մտադիր է քարոզարշավը շենքերում իրականացնել, քանի որ այդպես հնարավոր կլինի մարդկանց համար պատշաճ անվտանգություն ապահովել։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին հերթական նախագահական ընտրություններն են անցկացվելու։ Ավելի վաղ իրենց երեխաների հասցեներին հնչեցված սպառնալիքների մասին հայտնել էին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և արդեն նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն։ Հայտնի է, որ Տիխանովսկայան երեխաներին Արևմուտք է ուղարկել, իսկ Ցեպկալոն երեխաների հետ փախել է երկրից և այժմ Մոսկվայում է գտնվում։  

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում