ՀՀ-ն գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով, արդյոք դա կազդի՞ գնի վրա. մեկնաբանում է տնտեսագետը
Գազի դիմաց ռուբլով վճարումները որևէ խնդիր չեն կարող առաջացնել ՀՀ-ի համար: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել:
Քթոյանի խոսքով՝ ռուբլով վճարումը կարող է խնդիրներ առաջացնել արևմուտքի համար, քանի որ պետությունների համար նախընտրելի է վճարել սեփական արժույթով, որոնք թողարկում են:
«Եթե դու չես թողարկում այդ արժույթը, քեզ համար միևնույն է, թե որ արժույթով կլինի: Չափանիշը հետևյալն է՝ արդյոք դու ունե՞ս տվյալ արժույթի մուտք քո երկիր, արդյոք այդ երկրի հետ ունե՞ս տնտեսական հարաբերություններ, թե՞ ոչ, առևտուր ունե՞ս այդ երկրի հետ, որը կապահովի տվյալ արժույթի առկայությունը երկրում: Կոնկրետ Ռուսաստանի պարագայում այս հարցերի պատասխանը դրական է. մենք ունենք ՌԴ-ի հետ արտահանում, ռուբլով առևտուր»,- ասում է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը գազի համար վճարում էր դոլարով. եթե առևտուրը կատարվի ռուբլով, սակայն գինը շարունակի ֆիքսված մնալ դոլարով, դա մեկ այլ հարց է, սակայն եթե ֆիքսվի ռուբլով, դա էլ այլ հարց է:
«Եթե ռուբլով գինը կապակցվի դոլարի հետ, ապա դոլարի տատանումները կարող են ազդեցություն ունենալ: Եթե չկապակցվի, մեզ համար ձեռնտու է լինելու: ՌԴ-ի համար կարևոր է, որ այդ գործընթացում արտարժույթ ներգրաված չլինի: Ռուբլով առևտուրը ամբողջ գործընթացի նկատմամբ վերահսկողություն է ենթադրում ռուսական բանկի կողմից»,- նկատում է Քթոյանը:
Նրա կարծիքով՝ ավելի վաղ տեխնիկական խնդիրներ կային, դրա համար է, որ այս գործողությունը հիմա է կատարվում:
«Ռուբլով առևտուրն իմաստ ունի այն դեպքում, երբ դու ռուբլու ներհոսք ունես և այդ ներհոսքի հաշվին կարողանում ես վճարում կատարել: Ռուսական կողմի պարագայում գազի արտահանումը արտարժույթի աղբյուր է: Իրենք պահուստներում էլ զգալի մաս ունեն դոլարի, եվրոյի, և այդ արտարժույթների համալրման համար իրենց համար նախընտրելի էր արտարժույթով առևտուրը կատարել»,- նկատում է զրուցակիցը:
Հարցադրմանը՝ գնային քաղաքականության վրա ռուբլով վճարումը կազդի՞ որևէ կերպ, Արմեն Քթոյան ասում է՝ չի կարծում, որ փոփոխություն լինի:
«Փաստաթղթերում գինն ամրագրված է դոլարով: Եթե ամրագրվի ռուբլով, և ռուբլին արժեզրկվի դոլարի կամ դրամի նկատմամբ, մեզ համար ձեռնտու է լինելու: Սակայն սա ընդամենը հայտարարություն է: Ամեն բան կախված է դետալներից»,- նկատում է նա:
Կարծիքներ