ԱՀԿ ներկայացուցիչը պնդել է, որ կորոնավիրուսի բռնկման առաջին դեպքերն արձանագրվել են Ուհանում

Կորոնավիրուսային վարակի առաջացման վերաբերյալ ուսումնասիրության համար պետք է կիրառել գիտական մեթոդաբանություն և ուսումնասիրությունն սկսել այնտեղից, որտեղ տեղի է ունեցել հիվանդության առաջին բռնկումը, այսինքն՝ Չինաստանի Ուհանա քաղաքից։ Այս մասին հուլիսի 13-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է eadaily.com-ը։
«Մարդկային մահերի հանգեցնող հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է որոշել այդ հիվանդության էպիկենտրոնը։ Հիվանդության առաջին դեպքերն արձանագրվել են Չինաստանում։ Չինաստանն էր էպիկենտրոնը, բայց անհրաժեշտ է լիովին հասկանալ վիրուսի ծագումը և հետևել գիտական մեթոդաբանությանը: Այս ամենը պետք է ուսումնասիրել այնտեղ, որտեղ եղել է հիվանդության առաջին բռնկումը, իսկ դա եղել է չինական Ուհան քաղաքում»,- հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն արդեն առաքելություն է ուղարկել Չինաստան՝ հետազոտություններ իրականացելու նպատակով։ Առաջին խմբի եզրակացությունների հիման վրա կձևավորվի հետազոտական թիմ, որը սերտորեն կաշխատի չինական գործընկերների հետ:
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ ԱՀԿ-ի մասնագետների խմբի հիմնական խնդիրն է լինելու պատկերացում կազմել վիրուսի կենդանական ծագման վերաբերյալ և որոշել, թե ինչպես է այն կենդանիներից փոխանցվել մարդուն:
Կարծիքներ