Էրդողանը Ուկրաինա այցից առաջ խոսել է ՌԴ-Ուկրաինա, Ուկրաինա-Թուրքիա հարաբերություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով փետրվարի 3-ին պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա, այցից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությանը։ Անկարան յուրաքանչյուր հարթակում հայտարարում է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Թուրքիան, որպես սևծովյան տարածաշրջանի երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին՝ բոլոր կողմերին հանդարտության և երկխոսության կոչ անելով»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո Ռուսաստանի ղեկավարը կայցելի Անկարա։
«Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հետո իրավիճակն ավելի պարզ կդառնա։ Թուրքիան պատրաստ է նպաստել տարածաշրջանում լարվածության վերացմանը»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև ընդգծել է Ուկրաինայի հետ տնտեսական կապերը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը։
«Կիև մեր այցի շրջանակում մենք նախատեսում ենք համաձայնագիր ստորագրել ազատ առևտրի գոտու մասին, որը թույլ կտա մեզ ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի»,- ասել է նախագահը։
Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Էրդողանն ասել է, որ երկրի նախագահ Յիցհակ Հերցոգը Թուրքիա կայցելի մարտի կեսերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ուկրաինա։
Այցի ընթացքում, որը համընկնում է թուրք-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, Կիևում կկայանա Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի տասներորդ հանդիպումը՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ։ .
2011 թվականին ստեղծված Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մեխանիզմի շնորհիվ Անկարայի և Կիևի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Նախօրեին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Թուրքիայի ղեկավարի Կիև այցի ընթացքում կողմերը ստորագրելու են 12 միջպետական համաձայնագիր, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
Նրա խոսքով, ստորագրված փաստաթղթերը նոր մակարդակի կհասցնեն երկու երկրների համագործակցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
2021 թվականին երկու երկրների միջև առևտուրը կազմել է 7,42 միլիարդ դոլար։ Կողմերը նպատակ են դրել ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի։
Թուրքիան Ուկրաինա է արտահանում պողպատ, օդորակման համակարգեր, կահույք, թուղթ և փայտանյութ, ծխախոտ, թարմ մրգեր և բանջարեղեն, նավաշինության ոլորտի, ավտոմոբիլային արդյունաբերության և պաշտպանական արդյունաբերության արտադրանք:
Կարծիքներ