Եվրամիությունն արձագանքել է Լավրովի եւ Պեսկովի խոսքերին

Եվրամիությունում ի գիտություն են ընդունել Եվրամիության հետ հարաբերությունների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը, ինչպես նաեւ այդ կապակցությամբ Կրեմլի մեկնաբանությունները: Այս մասին հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Փիթեր Ստանոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել մեր արժեքների, մեր շահերի, միջազգային իրավունքի եւ ստանձնած պարտավորությունների հարգման հիման վրա»,-ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ այժմ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները չի կարելի լավ անվանել:
Ավելի վաղ Լավրովը նշմարել է Եվրամիության հետ հաջողված երկխոսության պայմաններն՝ ասելով. «Փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտության հիման վրա, փոխադարձության հիմքով, որտեղ կա շահ մեզ մոտ եւ նրանց մոտ»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ «Ռուսաստանը երբեք հանդես չի գա որպես ԵՄ-ի հետ հարաբերությունների դադարեցման նախաձեռնող»:
Նա նշել է, որ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը խեղաթյուրել են: «Իսկ իմաստը խեղաթյուրել են, աղավաղվել եւ այդ աղմկահարույց վերնագիրն այնպես են ներկայացրել, կարծես Ռուսաստանն ինքն է նախաձեռնելու հարաբերությունների խզումը Եվրամիության հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե տնտեսության զգայուն ոլորտների համար ռիսկեր ստեղծող պատժամիջոցներ լինեն ԵՄ-ի կողմից: Ընդ որում, նա իրավահավասար համագործակցության կոչ է արել Բրյուսելին:
Կարծիքներ