Հուսով եմ՝ սահմանազատումով վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք. Սիմոնյան
Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել:
Այս մասին, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքան տարածք է տրվել Ադրբեջանին, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով.
«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, սա քաղաքական հարց է:
1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է` ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի անցած սկզբունքներով կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմաթիի հռչակագրի սկզբունքների։
«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Կարծիքներ