Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սալեմին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Թունիսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բարձր է գնահատվել Հայաստանի և Թունիսի միջև միջազգային տարբեր հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ձևավորված համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել նաև բարձրաստիճան շփումների ակտիվացման ուղղությամբ։
Նախարարի տեղակալ Մ. Սաֆարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո։
Կարծիքներ