Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Փաշինյան
Մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ. Փաշինյան
Ֆորումի փաստաթղթերի հիմնական արձանագրություններից մեկն այն է, որ աշխարհում 2 միլիարդ մարդ ապրում է հակամարտություններից տուժած շրջաններում:
Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ավելի ճշգրիտ կլինի այդ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։
Այդ մասին, ըստ «Լուրեր»-ի, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի մասնակիցներին:
«500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։ Իսկ մինչ այդ, Խորհրդային Միության օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։
2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը:
Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
Մենք երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ նման հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում հատկապես 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։ Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։
Այնուամենայնիվ, հարգելի մասնակիցներ, ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ ամենը կատարվում է չնայած այն բանին, որ մենք կարծես մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ»,- ասել է Փաշինյանը:
Կարծիքներ