ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կհանվեն, եթե Մոսկվան դադարեցնի պատերազմը․ Նուլանդ
Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները կհանվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ «Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն ավարտի պատերազմը ու օգնի վերակառուցել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը ու ճանաչի այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա գոյություն իրավունքը»,-ասել է Նուլանդը՝ ընդգելով, որ ռուսական իշխանությունը հիմա փաստացի ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը։
ԱՄՆ պաշտոնյան նաև խոսել է ՌԴ-ի անվտանգության պահանջների մասին։ «Մենք պատրաստ էինք խոսել Ռուսաստանի առաջ քաշած հարցերի մեծ մասի շուրջ, ամենի ինչ մասին… Մենք նույնիսկ հայտարարեցինք, որ երբեք մտադրություն չենք ունեցել հարձակողական զինատեսակներ տեղակայել Ուկրաինայում։ Բայց մենք չէինք պատրաստվում այլ երկրի պատմել, թե ինչպես և ում հետ ենք մտադիր դաշինք կազմել։ Եվ մենք չէինք պատրաստվում թույլ տալ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ի փոխարեն»,-ասել է Նուլանդը։ «21-րդ դարում, երբ կա գործողությունների դիվանագիտական տարբերակ, չկա արդարացում այլ երկիր ներխուժման համար»,-ասել է Նուլանդը՝ մերժելով այն թեզը, որ այս հակամարտության համար հիմքեր է ստեղծել Արևմուտքը։
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ Ուկրաինան զրո վտանգ է ներկայացրել ՌԴ-ի համար, ինչպես նաև ՆԱՏՕ-ն։ Նուլանդը նաև Մոսկվային մեղադրել է Ուկրաինան ՌԴ-ի մեջ վերաինտեգրելու ու Սովետական Միությունը վերստեղծելու փորձի մեջ։
Կարծիքներ