Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից:
Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։
Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։
Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին։ Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։
Կարծիքներ