Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Դրա համար միջնորդել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը` ապրիլին: Խուդոյանը ներկայացրեց. «Միջնորդությունն առնչվում է Արմեն Թավադյանի գործով նիստից հետո Բադալյանի թույլ տված արտահայտություններին. նա հյուրընկալվել էր 1in.am-ին, հարցազրույցի ընթացքում դատական ակտի և դատավորի (Ալեքսանդր Ազարյանի) վերաբերյալ կարծիքներ էր հայտնել, և քանի որ Բադալյանը սովորում է արդարադատության ակադեմիայում և պետք է դատավոր դառնա, նրա վրա տարածվում է դատավորի էթիկայի նորմը, այն է` դատավորն այլ դատավորի մասին իրավունք չունի կարծիք հայտնելու, եթե անգամ այն չպարունակի որևէ բացասական վերաբերմունք (չնայած հայտնած մտքերը եղել են բացասական)»: ԴԸԺ-ն հարցը քննելուց հետո կդիմի ԲԴԽ-ին։
Անկախ ԲԴԽ-ի որոշումից, դա ազդեցություն կունենա՞ Բադալյանի՝ ՍԴ թեկնածու դառնալու վրա։ «Ես տեղյակ չեմ՝ ինքը թեկնածու կլինի՞, թե՞ ոչ։ Նորմը հետևյալն է. եթե նա ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա նրան կարող են հանել դատավորների ցուցակից, բայց դա չի կարող խոչընդոտել, որ նա դառնա ՍԴ դատավորի թեկնածու։ Եվ եթե նա չի կարող լինել սովորական դատավոր, ինչպե՞ս կարող է լինել ՍԴ դատավոր»: Խոսվում է անգամ ՍԴ նախագահ դառնալու մասին։ «Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր»»:
Կարծիքներ