Արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Այսօր արտահայտել եմ ԱՄՆ-ի վճռական աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։
Կարծիքներ