Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում բանակի ծառայությունը. վարչապետը ներկայացրեց 2018-ից հետո կատարվածը

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում բանակի ծառայությունը. վարչապետը ներկայացրեց 2018-ից հետո կատարվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում հայոց բանակի ծառայությունը: Փաշինյանն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում իր հրավիրած հավաքին:

Նա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել 2018-ից հետո կառավարություն-զինված ուժեր հարաբերություններում: «Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել՝ ԶՈՒ-ի համար, միայն 1 տարվա ընթացքում՝ 2019-ին մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը՝ պաշտպանական բյուջեն, մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը: Բայց այո, պետք է չթաքցնել, որ բանակում ցավոք սրտի, այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, ցավոք դեռևս ունի մի քանի կամակատարներ՝ ՀՀ ԶՈՒ-ում, և այդ կամակատարները պետք է անմիջապես հեռանան»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ այդ անձինք հրապարակներում իրեն փորձում են մեղադրել դավաճանության մեջ: «Բա դավաճանի կոչով այսքան մարդ ի՞նչ գործ ունի հրապարակում»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ փաստորեն, հավաքվածներին են ուզում մեղադրել դավաճանության մեջ:

Փաշինյանը հավելեց՝ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն ասել է, որ դեռ հոկտեմբերին զանգել է բանակին, ասել, որ իշխանությունը վերցնեն: «Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի, այլ՝ սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել: Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ՝ ոչ մի րոպե: Ինչո՞ւ է այսօր ժողովուրդն այստեղ կանգնած. որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները՝ այդ հրապարակներում «հոխորտացողները», միլիոնավոր դոլարների դղյակատերերը»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:

Նա վստահություն հայտնեց, որ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Նա իր աջակիցների հետ քայլել էր Երևանի կենտրոնական փողոցներում:

Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը ևս ժամը 15:00-ին հավաքվել է Ազատության հրապարակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում