Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի դեպքերից հետո. Արցախի տեղեկատվական շտաբ
Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո և ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ի պատասխան տարբեր հարցումների՝ պարզաբանում ենք, որ այսօր, Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` 24news.am-ին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:
Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:
Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ