«Արարատ-Արմենիա»-«Նոա»՝ եւս մեկ եզրափակիչ. վրե՞ժ, թե՞ ոսկե դուբլ
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, երբ տիտղոսի 2 հավակնորդները չեմպիոնին որոշելու են վերջին տուրում ու հենց միմյանց դեմ խաղում: Վաղը՝ հուլիսի 14-ին, Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ «Նոան» վճռորոշ խաղում, որը եզրափակչի կարեւորություն կունենա, կպարզեն լարված ընթացք ունեցած այս մրցաշարի ուժեղագույնին: Այդ խաղը, ինչպես օրեր առաջ Գավաթի 2019-20 խաղարկության եզրափակիչը, տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիան» 49 միավորով միանձնյա առաջատարն է, սակայն ընդամենը 1 միավորով է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Նոային»: Սա նշանակում է, որ հաղթողը չեմպիոն կդառնա: Իհարկե «Արարատ-Արմենիային» տիտղոսը նվաճելու համար բավարար է նաեւ ոչ-ոքին, սակայն ընդամենը մի քանի օր առաջ Գավաթի եզրափակչում «Նոան» հաղթելով ցույց տվեց, որ «Արարարտ-Արմենիայի» ոչ մի առավելություն իր համար սարսափելի ու անդառնալի չէ:
Գավաթի այդ դիտարժան, գերդրամատիկ ու լարված խաղն իր ազդեցությունը վաղվա վրա կունենա: Այն կարող է հոգեբանորեն ազդած լինել «Արարատ-Արմենիայի» վրա. առաջին խաղակեսը 4:1 հաշվով ավարտելուց հետո թիմը «հաջողացրեց» ձեռքից բաց թողնել 3 գնդակի առավելությունը ու ի վերջո զիջեց նաեւ տիտղոսը: Մյուս կողմից հուլիսի 10-ին տեղի ունեցածը կարող է ավելի մոտիվացրած լինել Վարդան Մինասյանի ֆուտբոլիստերին, ու նրանք խաղադաշտ դուրս գան վրեժի զգացումով: «Նոայի» խաղացողներն էլ իրենց հերթին պետք է փորձեն չկորցնել զգոնությունը եւ չափից դուրս ինքնավստահ չլինել, որպեսզի դա չար կատակ չխաղա իրենց հետ: Ամեն դեպքում սա նույնպես իսկական «եզրափակիչ» է լինելու՝ հայկական ֆուտբոլում 2-րդը հաշված օրերի ընթացքում, որում թիմերից մեկը փորձելու է 2-րդ տարին անընդմեջ երկրի չեմպիոն դառնալ, իսկ մյուսն էլ աշխատելու է «ոսկե դուբլ» անել: Կողմերի համար հավելյալ մոտիվացիա կլինի նաեւ այն, որ չեմպիոնը հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանում այս թիմերը Բարձրագույն խմբում հանդիպել են 3 անգամ: 2 անգամ հաղթել է «Արարատ-Արմենիան», 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Ընթացիկ մրցաշրջանի՝ այս թիմերի միմյանց դեմ 4-րդ հանդիպումը Գավաթի եզրափակիչն էր, որը նույնպես ոչ-ոքի ավարտվեց (5:5), իսկ տիտղոսին «Նոան» տիրացավ 11-մետրանոցներով:
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանում ֆուտբոլային հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների: Գավաթի եզրափակչից առաջ երկրպագուների մոտ հույս կար, որ գոնե այդ խաղին իրենք թեկուզ սահմանափակ քանակով ներկա կլինեն, սակայն որքան էլ նրանց համար ցավալի էր, այդ հանդիպումը, որը Հայաստանում ընթացիկ մրցաշրջանի լավագույններից էր, անցավ առանց նրանց, ու այս մեկի ընթացքում էլ նրանք իրենց թիմերին տրիբունաներից չեն աջակցելու:
28-րդ տուրի այս խաղը կսկսվի 17:30-ին: Նույն օրը՝ նույն ժամին, Գյումրիում տեղի կունենա «Շիրակ»-«Ալաշկերտ» խաղը: Զուգահեռաբար Վանաձորում պետք է կայանար նաեւ «Լոռի»-«Արարատ» հանդիպումը, սակայն այն չեղարկվել է, քանի որ օրեր առաջ վանաձորյան ակումբի 17 անդամների մոտ կորոնավիրուս էր հաստատվել, ու նրանք ինքնամեկուսացվել են:
Վերջին տուրից առաջ առաջնության մրցանակային խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1.«Արարատ-Արմենիա» 49 միավոր
2.«Նոա» 48 միավոր
3.«Շիրակ» 46 միավոր
4.«Ալաշկերտ» 44 միավոր
5.«Լոռի» 40 միավոր
6.«Արարատ» 33 միավոր
Կարծիքներ