Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդների վարկանիշը
Ամերիկյան Netflix կորպորացիայի բրենդի արժեքը, որը հոսքային հեռարձակման ծառայություններ է մատուցում, մեկ տարում աճել է 72 տոկոսով եւ կազմել 26,7 մլրդ դոլար: Այսպիսի գնահատական է ներկայացված երեկ հրապարակված Forbes-ի աշխարհի ամենաթանկարժեք բրենդների վարկանիշում:
Ցուցակի առաջին տեղերում են, ինչպես եւ մեկ տարի առաջ, համապատասխանաբար՝ Apple բրենդը՝ 241,2 մլրդ դոլար արժեքով, Google-ը (207,5 մլրդ դոլար), Microsoft-ը (162,9 մլրդ դոլար), Amazon-ը (135,4 մլրդ դոլար) եւ Facebook-ը (70,3 մլրդ դոլար): Հաջորդում են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը եւ McDonald's-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ էր մտել նաեւ Toyota մակնիշը, սակայն այս տարի, կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել է միայն 11-րդ տեղը: Louis Vuitton-ը, որը նախկինում չէր մտնում ամենաթանկարժեք բրենդների տասնյակի մեջ, 20 տոկոսով թանկացել է՝ այսպիսով զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:
Առաջատարների տասնյակից միայն Facebook-ն ու Samsung-ն են կորցրել արժեքի համապատասխանաբար՝ 21 եւ 5 տոկոսը, մնացյալ մակնիշներն ավելի թանկարժեք են դարձել: Netflix-ը, որը մեկ տարում ամենամեծ աճն է ցուցադրել՝ 72 տոկոս, զբաղեցրել է 26-րդ տեղը: Աճը զգալիորեն մեծացրել են նաեւ Chanel-ը (42 տոկոսով աճ), Amazon-ը (40 տոկոսով), Microsoft-ը (30 տոկոսով), Paypal-ը (24 տոկոսով):
Ամենաթանկարժեք 100 բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 2,54 տրլն դոլար: Դրանցից 50-ից ավելին պատկանում են ամերիկյան ընկերություններին, 10 բրենդ Գերմանիայից է, 9-ը՝ Ֆրանսիայից, Ճապոնիային եւ Շվեյցարիային բաժին է ընկնում համապատասխանաբար՝ 6 եւ 5: Ցուցակում առավել ներկայացված են տեխնոլոգիական ընկերությունների մակնիշները՝ ցուցակում կա 20 ընկերություն: 14 բրենդ պատկանում է ֆինանսական ծառայությունների ֆիրմաներին, 11՝ ավտոմեքենաշինական հատվածին, 8՝ վաճառքի ոլորտին:
Կարծիքներ