Երկու հուշագիր՝ տուբերկուլոզային հիվանդությունների բուժման և խնամքի որակի բարձրացման նպատակով
Այսօր Թոքաբանության ազգային կենտրոնը գործընկերային հարաբերություններ հաստատելու շրջանակում համագործակցության երկու հուշագիր է ստորագրել Առողջապահության ազգային ինստիտուտի և արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի հետ: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին` «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է Առողջապահության ազգայի ինստիտուտի հետ փաստերի և գիտելիքների վրա հիմնված նորարարական լուծումներով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու գաղափարը, հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման, կրթական ծրագրեր իրականացնելու, գիտահետազոտական միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Առողջապահության ազգայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը հայտնել է իր պատրաստակամությունը բժշկական փորձը ուսումնական գործընթացում ներգրավելու նպատակով համապատասխան ուղղություններով և ընդունված չափորոշիչներով համագործակցելու մասնագիտական զարգացման ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր պայմանների ապահովումը` որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:
Հուշագրի կնքումը Քրեակատարողական բժշկության կենտրոնի հետ նպատակ ունի բարձրացնելու տուբերկուլոզային հիվանդությունների բուժման և խնամքի ծառայությունների որակը, տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում իրականացնել echo-հեռահար պլատֆորմի համատեղ կիրառում և բուժական գործընթացների ընդլայնմանը միտված այլ միջոցառումների իրականացում:
Փոխնախարար Նանուշյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, նշել է, որ հատկանշական է 2021 թվականին ՀՀ ԱՆ-ի կողմից Հայաստանում 2021-2025 թվականին տուբերկուլոզի վերացման ռազմավարական ծրագրով սահմանված` մինչև 2035 թվականը Հայաստանում տուբերկուլոզը` որպես հանրային առողջության խնդիր վերացնելու նպատակին ուղղված միջոլորտային նմանատիպ համագործակցությունը, տուբերկուլոզային ծառայությունների համընդհանուր հասանելիությանը միտված քայլերը:
Հուշագրերի ստորագրումից հետո կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի և փոխտնօրենների ուղեկցությամբ Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Թոքաբանության ազգային կենտրոնի բաժանմունքներում:
Կարծիքներ