ՀՀ կառավարությունը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար
Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 15-ի նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ:
Մասնավորապես՝ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 22-ին կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Ալբանիա հանդիպումը:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:
Կարծիքներ