Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին
Ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակման թեմայով Եվրախորհրդարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած քննարկմանը նման հարցադրում է արել ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Ժորդան Բարդելան՝ դիմելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։
«Իմ հարցը պարզ է ու շատ ուղիղ․ ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը։ Կարծում եմ՝ ես արդեն գիտեմ պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ, տիկին Ֆոն դեր Լեյենը ստորագրել է Ադրբեջանից գազի մատակարարումը կրկնապատկող պայմանագիր՝ առանց երբևէ պաշտոնական հայտարարությամբ պաշտպանելու հայերին, ովքեր ենթարկվեցին հարձակման սեփական հողի վրա»,- նշել է պատգամավորը։
Ժորդան Բարդելան նշել է, որ վերջին օրերին հաստատված տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար սպանում հայ զինվորներին։ «Ինչի՞ն եք սպասում։ Ինչի՞ն եք սպասում, որ մատնացույց անեք Բաքվի կողմից սանձազերծված այս կեղտոտ պատերազմը։ Առանց ամերիկյան կառույցների մի՞թե Եվրոպան անկարող է դարձել դիրքորոշում արտահայտել համաշխարհային հարաբերություններում։ Միգուցե դա Թուրքիային մերկացնելու վախի՞ց է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ ուղղակիորեն սատարում է Ադրբեջանի հավակնություններին»,- հայտարարել է ֆրանսիացի օրենսդիրը։
Նա ընդգծել է, որ ինքը չի մեղադրում մեկ աբյուրից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելուն ուղղված գործողությունները։ «Մենք մեղադրում ենք ձեզ անկանխատեսելիության և գաղափարական կուրության, ինչպես նաև նրա համար, որ դուք այս ամենն անում եք շտապելով ու զոհաբերելով Հայաստանի ժողովրդի հետ եվրոպական բարեկամությունը։ Մեր քաղաքակրթությունն այրվում է, իսկ Եվրոպան այլ կողմ է նայում»,- ասել է Ժորդան Բարդելան։
Բորելը հրաժարվել է արձագանքել ֆրանսիացի պատգամավորի այս դիտարկումներին։
Կարծիքներ