Սահմանադրությունը պետք է ծառայի ՀՀ քաղաքացու իղձերին, աշխարհասփյուռ հայերին էլ հրավիրի դառնալ քաղաքացիներ. Ալեքսանյան
Չի կարելի Անկախության հռչակագիրը փոխել: Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին: Մենք գտնում ենք առնվազն, որ գուցե այդ հղումը պետք է չլինի կամ պետք է այդ հարցով քննարկում ունենալ:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մանրամասնելով.
«Եկեք արձանագրենք հետևյալը՝ ինչ է ասվում Անկախության հռչակագրում. Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք ծառայի աշխարհասփյուռ հայերին, գուցե ոչ ուղիղ տեքստով, բայց դա է ասում:
Ասում է Սահմանադրությունը պետք է ծառայի աշխարհասփյուռ հայերի իղձերին, ես էլ ասում եմ, ժողովուրդ ջան, թող ծառայի ՀՀ քաղաքացու իղձերին, ու աշխարհասփյուռ հայերին հրավիրի դառնալ ՀՀ քաղաքացի:
Խնդրում եմ, թող ինձ ինչ-որ մեկը բացատրի, թե ինչպես պետք է ՀՀ-ն որպես պետություն ծառայի միաժամանակ և ռուսաստանահայերի, և ուկրաինահայերի շահերին»,- ասաց Ալեքսանյանը:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ թե շատ պարզ, քանի որ մեր հավաքական հայության գերնպատակը ուժեղ պետություն ունենալն է, ինչ-որ մի հայ կա՞, որ դա չի ուզում, Վահագն Ալեքսանյանը հակադարձել է.
«Ինչ որ մի հայը ո՞րն է, խորհրդարանում իր մեծությամբ 2-րդ քաղաքական ուժի առաջնորդն ընտրություններից առաջ և հետո պնդել է, թե գուցե ճիշտը Հայաստանի համար ինչ-որ մեծ միավորի կազմում ընդգրկվելն է: Սա դեռ միայն հայաստանյան քաղաքականության մասին ենք խոսում: Այս պահին մեր համար ողբերգություն ու ցավալի իրականություն է: Այս պահին, վստահաբար, ռուսական բանակում ազգությամբ ահյերը կռվում են ուկրաինական բանակում ազգությամբ հայերի դեմ: Եվ Հայաստանի պետությունը ո՞նց պետք է ծառայի երկուսի շահերին:
Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Սահմանադրությունը պետք է ծառայի ՀՀ քաղաքացուն: Երևանում ապրող ծրագրավորողին, ով կենտրոնում բավականին թանկ տուն է վարձակալում, էս պահին Շամշադինի գյուղում ապրող, անասնապահությամբ զբաղվող մի ընտանիքի, ում երեխան դպրոց է գնում, երազանքներ ունի Հայաստանի հետ կապված, վաղն էլ գնալու է բանակ:
Ու առհասարակ նորմալ չէ, որ ասում ենք ՀՀ քաղաքացի, որ ծնվել ես Հայաստանում, նույն Շամշադինի գյուղերի մասին եմ խոսում: 30 տարի շարունակ տանիքիդ վրա կրակել են, քո տան տանիքի վրա ծակեր կան, որովհետև հենց այդ սահմանին դու ապրում ես, քո երեխան մեծացել է էդ կրակոցների տակ, դպրոց է գնացել, բանակ է գնացել, պատերազմի է մասնակցել կամ չի մասնակցել ու հետ է եկել, դու ու ինչ-որ մի բարեկեցիկ երկում ապրող մի քաղաքացի նույն դերն ունեք էս երկրի համար»,- ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով ազգությամբ հայերին, որոնք մեծ ջանքեր ու ներդրում են ունեցել հայաստանյան կյանքում՝ Ալեքսանյանն ասաց նրանց արածն ուրանալ չի կարելի, և դրա համար գոյություն ունեն պետական պարգևներ շնորհակալանքի տարբեր ձևեր: Բայց դա մի բան է, և այլ բան, որ Սահմանադրությունը պետք է հավասարապես ծառայի ինչ-որ մի եվրոպական մայրքաղաքի սրտում բարեկեցիկ կյանքով ապրող ազգությամբ հային և ՀՀ-ում սահմանային գյուղում ապրողին:
Պետրոս Ղազարյանի՝ ընդդիմադիրներն ասում են դա անում եք Ալիևի թելադրանքով հարցին ի պատասխան, Ալեքսանյանը նշեց.
«Շատ հետաքրքիր պնդում է իրականում: Վարչապետը երբ այս մասին հայտարարեց, ընդդիմությունը դաշտ բերեց թեզ՝ թե սա արվում է Ալիևի պահանջով: Բայց մի հարց՝ եթե Ալիևն ուզեր Սահմանադրություն փոխվեր այնպես, ինչպես մենք ենք պատկերացում, նա կասե՞ր, որ ուզում է»:
Կարծիքներ