Բանկերը մոտ 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը
Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով: Այս մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Գալստյանը նախ պարզաբանեց ընդունված օրինագծի էությունը. բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են: «Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասաց Գալստյանն ու նշեց՝ շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկը, բայց ներելու ամբողջ բեռը մնում բանկի վրա:
Այդուհանդերձ ԿԲ նախագահի ունեցած վերջին տեղեկության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կամ վերանայել, կամ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը:
ԿԲ գնահատականներով՝ դա շարունակվելու է: «Մոտ 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանիքներին և նրանց ընտանիքներին»,-նշեց նա:
ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:
Կարծիքներ