Ստորագրվել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»

Ստորագրվել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։

Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լըմուանին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների կազմակերպմանն օժանդակելու համար՝ ընդգծելով, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին։

Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։

Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզը»։ Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որը ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և հեռանկարային այլ ոլորտներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում