Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը խլել է 156 մարդու կյանք
Ավելի քան 4,62 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Աղետի հետևանքով զոհվել է 156 մարդ, ասվում է Աղետների կառավարման և կանխարգելման ազգային խորհրդի կիրակի օրը հրապարակված զեկույցում:
Գործակալության տվյալներով՝ 1,02 մլն տեղահանվածներ գտնվում են 954 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 141 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 37-ը անհետ կորած է։ Հանրապետության 13 մարզերում գրանցվել է տարերքի ազդեցության հետ կապված 1,57 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Փոթորիկը վնասել է 31,5 հազար տուն և ավերել ավելի քան 3,1 հազար, 722 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 4,3 միլիարդ պեսո (73,88 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 508 ճանապարհ եւ 120 կամուրջ։ 359 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 256-ում այն արդեն վերականգնվել է, 38 համայնքներում կապի խնդիր կա, ութում՝ ջրամատակարարման։
Դասերը դադարեցվել են 666 ուսումնական հաստատություններում և աշխատանքները 223 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 522 քաղաք. Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 3,08 միլիարդ պեսո (52,89 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 167,4 միլիոն պեսո (2,87 միլիոն դոլար) է հատկացրել օգնության համար։
Կարծիքներ