Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:
Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել:
ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին:
Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում:
«Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը:
Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ:
Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա:
Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն:
«Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
Կարծիքներ