Նախադպրոցական կրթության ոլորտում կկարգավորվեն հրատապ լուծում պահանջող հարցեր
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով հնարավորություն կստեղծվի կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում այս պահին կարեւոր ու հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործադիրը ներկայացրել է հիմնականում խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք վերաբերում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների համապատասխանեցմանը: Առաջարկվող փոփոխությամբ որոշակի ճկունություն կապահովվի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում:
Պատգամավոր Կնյազ Հասանովը հետաքրքրվել է, թե այն համայնքներում, որտեղ մեծամասամբ ապրում են ազգային փոքրամասնություններ, արդյոք կիրառո՞ւմ են իրենց մայրենի լեզուն` համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի:
«Մենք չունենք նման իրավիճակ, որ ազգային փոքրամասնությունների լեզվով նախադպրոցական կրթություն իրականացվի, բայց օրենքն այդ հնարավորությունն ընձեռում է: Մենք պատրաստակամ ենք համայնքների հետ համագործակցելով իրականացնել այդ հնարավորությունները»,- պատասխանել է Ժաննա Անդրեասյանը:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Կարծիքներ