Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ քննարկելու Գյումրիում ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք:
Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի ազգային պատկերասրահ այցի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին ծանոթացել է Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերին (50 նկար) և տպավորված լինելով դրանցով՝ առաջարկել է Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ Հայաստանում առանձին ցուցասրահ կառուցել:
Կարծիքներ