Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac անունը շատ հարմար է»,- ասել է Էրդողանը:

Փորձարկման երրորդ փուլի ընթացքում կամավորները կստանան պատվաստանյութ։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին և նրանց հարազատներին պատասխանատվություն ստանձնել իրենց պաշտպանության համար, կատարել իրենց պարտքը և պատվաստվել:

«Առաջին հերթին Գերմանիայից և Չինաստանից ստացված դեղերի շնորհիվ Թուրքիան պատվաստումների մակարդակով առաջնագծում է: Հուսով եմ, որ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում մենք պատվաստման ծրագրով կներառենք 18 և բարձր տարիքի բնակչության բոլոր խմբերին», -ասել է Էրդողանը:

Երեկ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից դադարեցնելու  է սահմանափակումների  կոշտ միջոցառումները, որոնք ուժի մեջ էին վերջին ամիսներին: Մասնավորապես, պարետային ժամը կվերացվի ամբողջ երկրում և կվերացվեն բնակավայրերում և հանրապետության քաղաքների միջև տեղաշարժի շատ սահմանափակումներ:

Թուրքիայում մինչ այժմ  կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5,3 միլիոնը, մահացել է 49 հազար մարդ, բուժվել 5,2 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում