«Ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու Արևմուտքը»․ Meduza-ն գաղտնազերծել է Կրեմլի ուղեցույցը լրատվամիջոցների համար

«Ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու Արևմուտքը»․ Meduza-ն գաղտնազերծել է Կրեմլի ուղեցույցը լրատվամիջոցների համար

Meduza-ի տրամադրության տակ է հայտնվել ուղեցույցը, որը սեպտեմբերի 19-ին  ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և Արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում  Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։ «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությունը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ կիսեն նրա հետ։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր սեփականը»,-ասվում է ձեռնարկի տեքստում։ Կրեմլում խորհուրդ են տալիս  ռուս խաղաղապահներին բնութագրել որպես դիտորդների։ Բացի այդ՝ իշխանամետ ԶԼՄ-ներին էլ հորդոր կա՝   պատմել այն մասին, թե ինչպես են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչության տարհանման հարցում»։ Մասնավորապես, խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։ Ըստ Meduza-ի՝ այս ամենը ԶԼՄ-ները արդեն իսկ ակտիվորեն կիրառում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում