Շարժման գաղափարախոսները փաստորեն ամեն ինչ անում են թալանածի դիմաց պետությանը հարկեր չվճարելու համար. Ջուլհակյան
«Մամուլում աչքովս ընկավ, որ «Թալանի փրկության շարժման» այսօրվա հավաքի ժամանակ գործընկերս՝ Արամ Վարդևանյանը, խոստացել է բալային համակարգի և կարմիր գծերի վերացմանը զուգահեռ նաև կասեցնել գույքահարկի ռեֆորմը։ Լսողը կմտածի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Առաջին հայացքից շատ ժողովրդահաճո գաղափար»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ այդպես է թվում միայն առաջին հայացքից։
«Եվ ուրեմն ինչի՞ մասին էր գույքահարկի ռեֆորմը։ Գույքահարկի ռեֆորմը եկամտային հարկի համահարթեցման ռեֆորմի տրամաբանական շարունակությունն էր։ Մենք ասում էինք, որ ճիշտ ենք համարում բարձր հարկել ոչ թե անձի եկամուտը, այլ՝ ունեցվածքը։ Այսինքն՝ եթե դու աշխատավարձով ապրող մարդ ես, պետությանը քո աշխատավարձից քիչ հարկ ես վճարում։ Շատ հարկ վճարում ես այն դեպքում, երբ ունես թանկարժեք գույք։ Ինչքան գույքը թանկ, այնքան հարկը՝ բարձր։
Իսկ մեր երկրում հիմնականում ո՞վ ունի թանկ գույք և, ըստ այդմ, բարձր գույքահարկ վճարելու պարտավորություն։ Հիմնականում թալանի փրկության շարժման կազմակերպիչները, գլխավոր շահառուները, մասնակիցների մի մասը։
Եվ ուրեմն կարող ենք արձանագրել, որ առաջին հայացքից ժողովրդահաճո թվացող այս գաղափարը ոչ այլ ինչ է, քան թալանի փրկության մի հերթական գործիք։ Թալանի փրկության, թալանի ազատագրման շարժման գաղափարախոսները, այսպիսով, ոչ միայն անում են ամենը թալանածը պետությանը չվերադարձնելու, այլ նաև այդ թալանածի դիմաց պետությանը հարկեր չվճարելու համար։ Այսքան բան»,-գրել է Ջուլհակյանը։
Կարծիքներ