Առինջ գյուղում հնչած կրակոցների գործով երեք անձ ձերբակալվել է
2024 թվականի հուլիսի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել Առինջ գյուղի 25-րդ փողոցում ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու մասին։ Նույն օրը երկու տարբեր բուժհաստատություններ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել նույն գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն։
Դեպքի առթիվ հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը, և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տունը, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին առկա արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:
Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից բազմաթիվ բնակիչներ և գրասենյակների աշխատակիցներ, առգրավվել է վերաբերելի տեսագրություն։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ․հուլիսի 29-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ Մաշտոցի փողոցում գտնվող նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ.Բ․-ին։
Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։
Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, Ոստիկանության ծառայողները ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ հանցանք կատարելու հիմնավոր կասկածով նրանց ձերբակալելու վերաբերյալ։
Օպերատիվ-հետախուզական տվյալների իրացմամբ՝ Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի հարևանությամբ գտնվող տան հողամասում հայտնաբերվել ու վերցվել են այնտեղ թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգներ:
Ս․Ա․-ի հետ անհրաժեշտ քննչական գործողություններ դեռևս չեն կատարվել՝ վերջինիս բուժհաստատությունում գտնվելու և առողջական վիճակի պատճառով։
Նախաքննությունը շարունակվում է: Պարզվում են դեպքի հանգամանքները, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում՝ ձեռք բերված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու, կիրառված զենքերի բնույթն ու ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ։
Կարծիքներ