ՆԱՏՕ-ն Հունգարիային երաշխիքներ է տվել, որ երկիրը կարող է չմասնակցել դաշինքի տարածքից դուրս ցանկացած առաքելության
Հունգարիան ՆԱՏՕ-ից երաշխիքներ է ստացել, որ դաշինքի տարածքից դուրս ցանկացած գործողություն նրա անդամների համար կամավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բուդապեշտում կայացած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Հունգարիան չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին դաշինքի տարածքի սահմաններից դուրս, առաջին հերթին՝ Ուկրաինայում։
«Այս կապակցությամբ ես խնդրեցի գլխավոր քարտուղարին հստակորեն պարզաբանել, որ ցանկացած ռազմական գործողություն ՆԱՏՕ-ի տարածքի սահմաններից դուրս, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի կանոնների և մեր ավանդույթների վրա, կարող է լինել միայն կամավոր: Դա հաստատվել է գլխավոր քարտուղարի կողմից այսօրվա բանակցություններում, և այդպիսով Հունգարիան ստացել է իրեն անհրաժեշտ երաշխիքները», - ասել է Օրբանը։
Իր հերթին, Ստոլտենբերգը նշել է, որ Վաշինգտոնում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրները կքննարկեն Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցություն տրամադրելու և ուկրաինացի զինվորներին վերապատրաստելու հարցերը։
«Վարչապետ Օրբանը հստակ ասել է, որ Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի այս ջանքերին, և ես ընդունում եմ այս դիրքորոշումը։ Նաև ուրախ եմ, որ ես և վարչապետն այսօր համաձայնության ենք հասել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի աջակցությանը Հունգարիայի չմասնակցելու եղանակների շուրջ», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ վարչապետ Օրբանը հավաստիացրել է, որ Հունգարիան չի ընդդիմանա այդ ջանքերին, թույլ կտա, որ մյուս երկրներն առաջ շարժվեն, և լիովին կկատարի ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները։
Կարծիքներ