Իսրայելում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լավրովի վերջին հայտարարությունների պատճառով
Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է երկրի արտգործնախարարություն՝ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է իսրայելական The Jersualem Post պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի դիվանագիտական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրությունը։
«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին վրդովեցուցիչ հայտարարությունների պատճառով դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ գերատեսչության գլխավոր փոխտնօրենի հետ բացատրական զրույցի նպատակով», - ասված է հաղորդագրությունում։
Դիվանագիտական սկանդալի պատճառը Ռուսաստանի արտգործնախարարի՝ իտալական Mediaset հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցն է, որի ընթացքում Լավրովը պնդել էր, թե Ադլոֆ Հիտլերը նաև հրեական արմատներ է ունեցել։
«Նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն վրդովեցուցիչ են և աններելի, այլև ծանրագույն պատմական սխալ են հանդիսանում», - այսօր հայտարարել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Յաիր Լապիդը։
Կարծիքներ