Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են էլեկտրոնային դրամապանակից փող հափշտակած անձին
ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել քաղաքացու էլեկտրոնային դրամապանակից 300 հազար դրամ հափշտակած 26-ամյա երիտասարդին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Փետրվարի 3-ին ոստիկանության Մեծամորի բաժնում Տարոնիկ համայնքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ իր էլեկտրոնային դրամապանակի հաշվից փող է հափշտակվել։ Փետրվարի 2-ին քաղաքացուն «SMS» հաղորդագրություն էր եկել, որ էլեկտրոնային դրամապանակում առկա գումարի հինգապատիկի չափով տրամադրվում են վարկեր, և որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Դրանից հետո հաղորդագրությամբ քաղաքացուց պահանջել էին գաղտնաբառ, ինչն էլ նա հայտնել էր։ Գաղտնաբառը տրամադրելուց հետո ոչ միայն վարկ չէր ստացել, այլև էլեկտրոնային դրամապանակում առկա 300 000 դրամը ելքագրվել էր։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները համագործակցեցին քրեական ոստիկանության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Երևանի 26-ամյա մի բնակիչ։ Ճշտվեց նաև, որ նա գումարը կանխիկացրել էր Երևանի սուպերմարկետներից մեկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մարտի 3-ին 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին, ապա ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը։
Ըստ աղբյուրի՝ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում՝ հորդորելով երբեք որևէ եղանակով չտրամադրել անձնական տվյալներն ու գաղտնաբառը կասկածելի ծագում ունեցող կազմակերպություններին կամ անձանց՝ հանցագործության զոհ չդառնալու համար։
Կարծիքներ