Քննարկվել է հայ-բելառուսական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտադրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը:
Անդրադառնալով միջբուհական և գիտական համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությունը:
Նախարարի պաշտոնակատարը նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, համաձայն որի՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը: Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ հաշվի առնելով COVID-19 համավարակը և պատերազմով պայմանավորված իրավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը գործում է մինչև 2022 թվականի ավարտը, նախարարի պաշտոնակատարն առաջարկել է Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը դիտարկել 2022 թվականին: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև առաջիկա 4 տարիների համար երկու երկրների միջև համագործակցության նոր ծրագիր ստորագրելու հնարավորությանը:
Նա դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց կամ աղավաղելուց:
Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ամառային ճամբարների, օլիմպիադաների, հավաքների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:
ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ տեղում ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:
Կարծիքներ