Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր

 Ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 19-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում