Մեզ պետք է միջին եւ ավելի հզորության ատոմակայան. Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Մեր երկրի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում նշվում է, որ «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թ․ հետո շահագործման ժամկետի երկարաձգումը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը։ Ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաեւ արտանետումների ծավալը»։
«ՀՀ»-ն դեռ մինչ ռազմավարության ընդունումն ասել էր, որ մասնագետները վստահ են, որ մեր էներգաբլոկը կարող է աշխատել 2026-ից հետո էլ՝ մինչեւ 2036 թ․։ «Այո, մենք կարող ենք հասնել մինչեւ 2036 թվական, որովհետեւ ռեակտորի թրծումից հետո, ինչպես ասում է մեր գլխավոր կոնստրուկտորը, որեւէ խնդիր չի լինի։ Տեխնիկական առումով մենք որեւէ խնդիր չենք ունենա։ Բայց որպեսզի 2036-ին չանհանգստանանք, մեզ գոնե 2026 թ․ արդեն պետք է մտածել նոր էներգաբլոկի մասին»,- «ՀՀ»-ի հետ զրուցում ասաց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Այստեղ կարեւոր մի դիտարկում անենք։ Տեխնիկական առումով, հետեւելով մեր եւ արտերկրի մասնագետների, միջազգային մասնագիտացված կառույցների գնահատականներին, այո, մենք խնդիր չունենք։ Բայց քաղաքական առումով մտահոգության կա։ Էներգետիկ փորձագետները նշում են, որ հստակ պետք է ամրագրվի, թե մեզ ի՛նչ կարգի միջուկային էներգաբլոկ է պետք։ Բանն այն է, որ, ասենք, 2019 թ. ՀՀ իշխանության եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների մի քանի հանդիպումներում խոսքն առավելապես եղել է մոդուլային կայանի կառուցման մասին: Մինչդեռ մոդուլայինները ռեզերվային հարց են լուծում ընդամենը։ Եթե ավելի պարզ, ապա՝ մոդուլայինները փոքր հզորության են ու չեն ապահովի այն աշխարհաքաղաքական, գեոռազմավարական նշանակությունը մեզ համար, ինչ ունի ավանդական հզորությամբ ատոմակայանը»։
Կարծիքներ