Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլվանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բողոքի ակցիան անցկացվել է հեռուստաբանավեճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:
Ակցիայի մասնակիցները տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ կիսվել են իրենց մտահոգություններով՝ մատնանշելով Մեհմեթ Օզի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը, նրա սերտ կապերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Ցուցարարները մտահոգություն են հայտնել, որ ընտրություններում Օզի հաղթանակը կարող է դուռ բացել ԱՄՆ-ում օտարերկրյա ազդեցության համար:
Նշվում է, որ ընտրություններում Մեհմեթ Օզի մրցակից Ջոն Ֆեթերմանն իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության որոշումները: Ֆեթերմանը նաև իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների ներկայացրած բանաձևերին, որոնցով կոչ է արվում Ադրբեջանից պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, Պետդեպին կոչ է արվում զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ և դադարեցնել այդ երկրին տրվող ցանկացած ռազմական աջակցություն:
Կարծիքներ