Չինաստանը Ճապոնիային եւ ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ
Չինաստանը Ճապոնիային մեղադրել է երկու երկրների միջեւ քաղաքական վստահությանը հարված հասցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մեջ:
Ի պատասխան ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ղեկավարների բանակցությունների եւ Հոնկոնգի, Թայվանի ու Սինցզյանի խնդիրների վերաբերյալ նրանց մեկնաբանությունների՝ Տոկիոյում ՉԺՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նախազգուշացրել է Ճապոնիային զերծ մնալ երկկողմ հարաբերությունների վատթարացմանը նպաստող գործողություններից, գրում է ՏԱՍՍ-ը:
Դեսպանության հայտարարության մեջ ափսոսանքով նշվում է, որ ճապոնական կողմը մի շարք բացասական գործողություններ է ձեռնարկել Չինաստանին վերաբերող հարցերի շուրջ՝ դրանով իսկ լուրջ վնաս հասցնելով երկու կողմերի քաղաքական վստահությանը եւ խոչընդոտելով երկկողմ հարաբերությունների զարգացման ջանքերին:
«Մենք խորհուրդ ենք տալիս ճապոնական կողմին խստորեն հավատարիմ մնալ քաղաքական փաստաթղթերին եւ համապատասխան պարտավորություններին, ինչպես նաեւ երաշխավորել, որ չին-ճապոնական հարաբերությունները չվերադառնան նախկին վիճակին, չլճանան, հետընթաց չապրեն»,- ասված է հայտարարության մեջ:
Չինական կողմը նաեւ ընդգծել է, որ «Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների բանակցություններն ու համատեղ հայտարարությունները պարունակում են անհիմն մեղադրանքներ ՉԺՀ-ի հասցեին, դա կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին եւ նրա տարածքային ամբողջականության խախտում է»:
Կարծիքներ