Բաքուն անդրադարձել է Երևանում Նենսի Փելոսիի այցին և հայտարարություններին
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան կատարած այցին և այսօր արած հայտարարություններին ու նշել, թե նրա«տարածաշրջանում իրավիճակը խեղաթյուրող հայտարարությունը խորապես ափսոսանք է առաջացնում»։
Ադրբեջանի ԱԳ նախարարարությունը չի մոռացել նաև նշել, թե ստեղծված իրավիճակում մեղավոր է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։
«Ընդհանրապես, Նենսի Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ և Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը նրա պատվիրակության կազմում ուղղակիորեն ցույց է տալիս դա։ Թվում է, թե Փելոսին օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգին և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը հավաքելու համար:
Անընդունելի են քաղաքական ինտրիգները և ԱՄՆ շահերի լոբբինգը ներքաղաքական օրակարգում Հայաստանի միջոցով դեպի հարավկովկասյան տարածաշրջան բերելը»,-նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ Հայաստանում Փելոսիի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն։
«Սա լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու չհիմնավորված հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ավելի մեծացնելու լարվածությունը», - կարծում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Կարծիքներ