ԱԺ-ում ներկայացվել է ԿԳՄՍՆ 2021 թվականի բյուջի տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ-ում ներկայացվել է ԿԳՄՍՆ 2021 թվականի բյուջի տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների մասով:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունը փաստացի իրականացրել է 21 ծրագիր և 194 միջոցառում, ինչպես նախապես պլանավորված է եղել: Նրա խոսքով՝ ծախսերի տարեկան պլանը սահմանվել էր 177 մլրդ 649 մլն դրամի չափով, սակայն ճշտված պլանը փոքր-ինչ ավելի է եղել, քան նախապես հաստատվածը՝ 178 մլրդ 853,6 մլն դրամի չափով:

«Փաստացի կատարումը կազմել է 174 մլրդ 809 մլն դրամ կամ կատարողականը՝ 97,7 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին փաստացի ծախսված 170 մլրդ 900 մլն դրամի նկատմամբ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թվականին կատարված փաստացի ծախսերը գերազանցել են 3 մլրդ 909 մլն դրամով կամ 2,3 տոկոսով»,- նշել է ֆինանսների նախարարը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և տեղակալ Արա Խզմալյանը գործուղմամբ գտնվում են արտերկրում, այդ պատճառով բյուջեի կատարողականը կներկայացնի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր զեկույցում անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված աշխատանքներին: Նրա խոսքով՝ 2020 թվականին կատարողականը կազմել է 95 տոկոս, իսկ այս տարի՝ 97,7 տոկոս, որն էական բարելավում է:

«Կրթության ոլորտում շարունակվել են հիմնական բարեփոխումները, որոնց նպատակը բնակչության բոլոր խավերի համար որակյալ կրթության հավասար մատչելիության ապահովումն է կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև կրթության արդյունավետության շարունակական բարձրացումը»,- փաստել է փոխնախարարը:

Հանրակրթության ոլորտ

ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ 3-5 տարեկան նախադպրոցահասակ երեխաների 85% ընդգրկվածության թիրախն ապահովելու նպատակով հաստատվել են «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման» կարգը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը, նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի երեխաների համար:

Հանրակրթության ոլորտում ընդլայնվել են հանրակրթական ուսուցիչների մասնագիտական առաջընթացը խթանող մեխանիզմներն ու հնարավորությունները. կամավոր ատեստավորման արդյունքում 475 ուսուցիչ արդեն ստանում է հավելավճար 30-50 տոկոսի չափով: ՀՀ կառավարության որոշմամբ՝ ատեստավորման ընթացքում 70 և ավելի տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչների դրույքաչափը դարձել է 200 հազար դրամ, որին ավելանում է հավելավճարը: Վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, հաստատվել են առարկայական նոր չափորոշիչները և ծրագրերը, որոնք 2021-2022 ուսումնական տարում փորձարկվում են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Շարունակվել են դպրոցական շենքերի և ուսումնական գույքի արդիականացման ծրագրերը։ Մասնավորապես, 21 համայնքներում իրականացվել է փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների մոդուլային շենքերի կառուցման գործընթացը, 107 ավագ դպրոցներում ներդրվել են ժամանակակից բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ, ներդրվել են լաբորատորիաներ նաև 504 առանձին դպրոցներում, ինչպես նաև 293 ցանցային լաբորատորիաներ և այլն: Շուրջ 20 հազար դպրոցահասակ երեխաներ ընդգրկվել են արտադպրոցական
կրթադաստիարակչական ծրագրերում։ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 3200 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտ

Հստակեցվել է ուսանողական նպաստի հատկացման, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերի համար ուսման վարձերի մասնակի զեղչման գործընթացը, դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող ուսհաստատություններում համալրվել է համապատասխան մասնագիտությունների գծով ուսումնաարտադրական բազան, մշակվել է 18 դուալ կարճաժամկետ ծրագիր տարբեր մասնագիտությունների գծով և այլն:

Բարձրագույն կրթության ոլորտ

Շարունակվել է ուսանողական նպաստների տրամադրումը՝ ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանվել են ֆինանսավորման անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ու գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, բուհերի ֆինանսական ինքնավարությանը: Սոցիալական տարբեր խմբերի համար հնարավորություն է ստեղծվել Կառավարության որոշմամբ գործող կարգավորումներում ավելացնելու պետական բուհերում սովորողների լրացուցիչ խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից՝ լրիվ կամ մասնակի:

Գիտության ոլորտ

2021 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացել են շուրջ 2,8 մլրդ ՀՀ դրամով, որից՝ 1,15 մլրդ դրամն ուղղվել է գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, իսկ 1,64 մլրդ դրամը՝ թեմատիկ շարունակական ծրագրերին, ինչպես նաև նոր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը:

Արտերկրում հայագիտությունը զարգացնելու նպատակով օտարերկրյա 9 պետությունների 11 համալսարաններում կազմակերպվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդում՝ նախորդ տարվա 4 պետությունների 6 համալսարանների փոխարեն:

Մշակույթ

Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները` ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների և պատմամշակութային հուշարձանների հաշվառմանն ու գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) անխաթար պահպանմանը, վերականգնմանը: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակու­թա­յին անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձան: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը` միջազգային: Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Շարունակվել է գրադարանային հավաքածուների համալրման գործընթացը:

Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թվականին իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվել է 14 ծրագիր, թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում: Երաժշտարվեստի և պարարվեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի: Մշակութային քաղաքականության գերակայություններից են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը: 2021 թվականին ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ:

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Ոլորտում իրականացվել են աշխատանքներ հետևյալ հիմնական ուղղություններով՝ օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստում, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովում, հաշմանդամային սպորտին, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրում:

ՀՀ հավաքականների մարզիկները, տարբեր տարիքային խմբերում մասնակցելով օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե:

Պետական աջակցություն է տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների։ Զանգվածային սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թվականի ընթացքում իրականացվել են՝ սիրողական ՀՀ վարչապետի գավաթները, ՀՀ պետական մարմինների միջև հրաձգության հանրապետական մրցումներ, Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 հոգի:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ աճել են մեդալակիր մարզիկների և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը:

Երիտասարդություն

Իրականացվել է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթը, որի նպատակն է նպաստել համայնքների համաչափ զարգացմանը, մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների աշխատանքների խթանմանը։ Երիտասարդական կազմակերպություններին մի շարք ուղղություններով տրամադրվել են դրամաշնորհներ: Կայացել են հայ-վրացական և հայ-ռուսական երիտասարդական ֆորումները, ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլը: «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում 2021 թվականին սուբսիդավորվել է 5475 վարկ՝ ընդհանուր 1,35 մլրդ դրամ ծավալով:

Արթուր Մարտիրոսյանի զեկույցից հետո ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել զեկուցողին, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի մյուս տեղակալներին՝ Ժաննա Անդրեասյանին, Կարեն Թռչունյանին, Կարեն Գիլոյանին և Ալֆրեդ Քոչարյանին:

Հարցերը հիմնականում վերաբերել են նախադպրոցական հաստատությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի կատարմանը, կամավոր ատեստավորմանը, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկմանը, ԵՄ աջակցության ծրագրերին, դպրոցների լաբորատորիաների հագեցվածությանը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Քո արվեստը դպրոցում» և ներառական համակարգի զարգացման ծրագրերին, մարզադպրոցների կարգավիճակի խնդրին, երիտասարդական համայնքային կենտրոնների գործունեությանը և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում