Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Խորհրդակցությանը մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:
Քննարկում է ծավալվել գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների շուրջ: Ներկայացված առաջարկների շարքում վարչապետ Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Անդրադարձ է եղել հումքի մշակման տեխնոլոգիաների կիրառմանը, համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, ծրագրի ֆինանսական և ժամկետային գնահատականին, իրականացման ձևաչափին և մեխանիզմներին, ստանդարտային ուղեցույցների պատրաստմանը վերաբերող հարցերի: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:
Կարծիքներ