Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ
Կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության համար 2,5 անգամ ավելի վատն են, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում երկուշաբթի ներկայացված «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում:
«2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով, ինչն ավելի քան 2.5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող համեստ վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները»,- ասվում է փաստաթղթում:
«Ներկայիս աննախադեպ ճգնաժամի խորությունն ու ծանրությունը նախանշում են դանդաղ և ցավոտ վերականգնում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր տնտեսագետ, գլխավոր քարտուղարի՝ տնտեսական զարգացման հարցերով օգնական Էլիոթ Հարիսը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ «վերականգնման երկարաժամկետ փուլ թևակոխելու համար երկրներին անհրաժեշտ է «սկսել երկարաժամկետ ներդրումներ զարգացնել, որոնք ճանապարհ կհարթեն առավել կայուն վերականգնման համար»:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 99 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 2.1 մլն-ը:
Կարծիքներ